«Հրանտ Դինք» վեցերորդ միջազգային մրցանակը՝ խիզախության համար

 

Սեպտեմբերի 15-ին` Հրանտ Դինքի ծննդյան օրը,  Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում կայացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում համանուն՝ թվով վեցերորդ միջազգային մրցանակով պարգևատրվել է Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն՝ Թուրքիայից և Անգի Զելթերը՝ Բրիտանիայից, հաղորդում է «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքը:

1997թ. Զելթերը վեց ակտիվիստներից մեկն էր, որը նախաձեռնեց արշավ հանուն Մեծ Բրիտանիայի միջուկային զինաթափման՝ կիրառելով խաղաղ մեթոդներ: 1999թ. Էլեն Մոքսլիի (ԱՄՆ) և Ուլլա Ռոդերի (Դանիա) հետ Զելթերը մտել էր Շոտլանդիայում գտնվող «Տրիդենթ» հիդրոլոկացիոն կայան, շարքից հանել համակարգիչներն ու էլեկտրոնային սարքավորումները: Յուրահատուկ այս ակցիայից հետո նա հայտնի դարձավ որպես «Տրիդենթ երեք» խմբի անդամ: 2002թ. նա ախաձեռնեց «Կանանց միջազգային խաղաղ ծառայություն. Պաղեստին»-ը: Զելթերը մասնակցել է մի շարք այլ նախաձեռնությունների: Անգի Զելթերն ազատազրկվել է ավելի քան 100 անգամ, և այդ ազատազրկումները կարևոր դեր են խաղացել միջուկային զինաթափման վերաբերյալ հանրային իրազեկման և մամուլի ուշադրությունը գրավելու տեսանկյունից:

Իր շնորհակալական խոսքում Զելթերը նշել է, որ Բրիտանիան պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը: Նա աջակցում է և առևտուր անում աշխարհի ամենաբռնի վարչակարգերի հետ:

Քորուր Ֆինջանջըն, իր մասնագիտական կարիերան նվիրելով կտտանքների դեմ պայքարին, հետապնդումների է ենթարկվել Թուրքիայի կառավարության կողմից կտտանքների մասին հոդվածներ գրելու և դրանց վրա լույս սփռելու համար: 1996թ. նա մասնակցել է Բոսնիայի Կալեսիցա շրջանում զանգվածային գերեզմանոցներում արտաշիրիմմանը: Միջազգային կազմակերպության անունից նա մեկնել է Բահրեյն՝ ծպտված որպես զբոսաշրջիկ, ծովում հայտնաբերված մի երիտասարդի մասունքներից նմուշ վերցրել և բերել Թուրքիա. ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը խեղդվել էր: Թուրքիայում անձամբ անցկացված դիահերձման արդյունքում Ֆինջանջըն պարզել էր, որ երիտասարդը սպանվել էր ազատազրկման մեջ կտտանքների հետևանքով՝ ճիշտ այնպես, ինչպես պնդում էր նրա ընտանիքը:

Իր շնորհակալական ելույթում Քորուր Ֆինջանջըն նշել է. «Ես շփոթված եմ, քանի որ մրցանակ եմ ստանում միայն նրա համար, որ կատարում եմ մարդ արարածի իմ պարտականությունը»:

2014թ. «Հրանտ Դինք» մրցանակաբաշխության ժյուրիի անդամներն էին Բասքըն Օրանը, Ժիրայր Լիպարիտյանը, Քենեթ Ռոթը, Կումի Նաիդուն, Մարի Կալդորը, Օյա Բայդարը, Ռաքել Դինքը, ինչպես նաև 2013թ. մրցանակակիրներ Նատաշա Կանդիչն ու «Շաբաթ օրվա մայրերը»:

«Հրանտ Դինք» մրցանակն ամեն տարի շնորհվում է Թուրքիայի ներսում կամ դրանից դուրս երկու անձանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են իրենց կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այսպիսով ոգեշնչելով և խրախուսելով ուրիշներին: Այս մրցանակով «Հրանտ Դինք» հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, որ նրանց ձայները լսված են, աշխատանքը՝ տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Share

Most Recommended