Տրնդեզը հեթանոսական տոն է, իսկ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները մոլորության մեջ են՝ կարծելով, որ դա որեւէ կապ ունի քրիստոնեւության հետ։ Այսպես են կարծում հայ հեթանոսները (ցեղակրոնները), որոնք փետրվարի 13-ին Կարմիր Կարմիր բլուրում նշեցին Տրնդեզը կամ Վահագնականչը հեթանոսական արարողակարգով։
Չորս քրմերը նախ օծեցին տոնի խորհրդանիշները՝ տարեհացը, գինին, ապա վառեցին «աստվածային կրակը»:
«Այս կրակով զորության արշալույսն է սկսվում, Վահագն է ծնվելու հենց այս կրակից: Այս կրակը տարեք ձեր տները, սրանով օծեք ձեր օջախները, թող ձեր տներում էլ այս աստվածային կրակի ջեմությունը տարածվի: Օծվեք դուք ինքներդ եւ վերականգնեք ձեր մեջ աստվածային զորությունը»,- հավաքվածներին կոչ արեցին քրմերը:
Քուրմ Գեղամի խոսքով՝ իրենք տոնում են Տրնդեզը նախնական ձեւով՝ չաղավաղելով իրական խորհուրդը. «Տրնդեզի խորհուրդը հենց Վահագնականչն է, մենք սպասում ենք Վահագնի զորությանը: Վահագնը աստվածություն է, որը հովանավորում է հային, հայի ուժը: Սպասում ենք Վահանգն Աստծո ծննդին, որը մարտի 21-ին է: Այս կրակը ունի մաքրազօծող, զորեղացնող հատկություն»։
Քուրմը պատմեց, որ կրակ վառելը ունի նաեւ այլ խորհուրդ. կրակի վրայով թռչելով իրենք «արթնանում են տիեզերական ձմռան խոր քնից եւ իրականություն մտնում»:
Արիորդաց ուխտի քրմի կարծիքով, այժմ տոնի խորհուրդը քչերը գիտեն. «Շատերը կարծում են՝ տոնը կապված է Քրիստոսի հետ»:
«Նենգադավորեն հայությանը կրոնափոխ անելուց հետո ամեն ինչ արվել է, որպեսզի մեր ազգային տոները մոռացվեն: Բայց այդ ավանդույթն այնքան ամուր է նստած եղել կենցաղի մեջ եւ այնքան վառ են եղել այդ տոները, որ հնարավոր չեղավ հրե զորության խորհուրդ կրակը հանել հայի միջից: Ստիպված այդ տոների բովանդակությունը սկսեցին խեղաթյուրել, պարտադրվեց մի այլ մեկնաբանություն, որոնք կապված են Քրիստոսի հետ»,- ասաց Գեղամ Ասլիբեկյանը:
Հեթանոսները օրհնված գինով խմեցին Վահագն Աստծո կենացը, հետո կրակի շուրջ պար բռնեցին եւ երգեցին հեթանոսական Աստվածներին փառաբանող, գովերգող երգեր: Ներկաներին բաժանեցին հեթանոսական խորհրդանշաներով վզնոցներ։