When: | Back to Calendar December 8, 2015 @ 11:30 AM - 12:30 PM | |
---|---|---|
Categories: | Uncategorized |
|
November 3, 2015
ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ
Օսմանեան շրջանում մեծ հռչակ վայելող հայ ոսկերիչների մասին բազմիցս ենք լսել:
Ցեղասպանութիւնից յետոյ աշխարհի չորս կողմն արտագաղթած հայ արհետսաւորները շարունակում էին այս բազմադարեայ աւանդոյթները Սփիւռքի տարբեր գաղթօջաներում, եւ ոչ միայն…
Օսմանեան կայսրութեան փլուզումից յետոյ էլ Կ. Պոլսում եւ մի քանի այլ քաղաքներում հայ ոսկերիչ վարպետները շարունակեցին դարեր շարունակ սերնդէ սերունդ իրենց փոխանցուած աւանդոյթները ապրեցնել ու զարգացնել ոլորտը: Անշուշտ, 1942թ.ին քրիստոնեաների հանդէպ կիրառուող հարկային դաժան քաղաքականութիւնն ու բազմաթիւ պոլսահայերի սնան-կացումն ու արտագաղթը չէր կարող իրենց դերը չխաղալ նաեւ այս հարցում: Սակայն հայ արհեստաւորների տեղերն իրենց «դուքաններում» երկար ժամանակ թափուր չմնացին:
Շատ շուտով Ստամբուլի հայերին փոխարինելու եկան Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններից դէպի արեւմուտք արտագաղթող գաւառահայերը: Բիթլիսից, Սասունից, Սեբաստիայից, Մարդինից այլ գաւառներից Կ. Պոլիս գաղթած ու մեծ քաղաքում իր տեղը գտնել փորձող հայութիւնը շատ արագ սկսեց իւրացնել արծաթագործութեան, ոսկերչութեան եւ այլ արհեստներ: Դեռեւս երկրից դուրս չեկած ու իրենց բիզնեսը քիչ թէ շատ ոտքերի վրայ պահել յաջողացրած պոլսահայ վարպետները իրենց թեւի տակ առնելով գաւառահայ նորեկներին՝ սովորեցրին այս արհեստը վերջիններիս: Շատ ժամանակ չանցած հայկական ոսկերչական աւանդոյթները Թուր-քիայում կրկին նոր զարգացում ապրեցին եւ մեծ թափով շարունակեցին մէկը միւսի ետեւից աւելանալ հայերի կողմից նոր հիմնադրուող ոսկերչական ապրանքանիշերի թիւը:
Թուրքիայում «Պետական արուեստի գործչի» կոչում ստացած յայտնի հայ ոսկերիչ Վիկտոր Օջալը նոյնպէս 1960ականների վերջին Մոտկան գաւառի Նիչ գիւղից Ստամբուլ տեղափոխուած ընտանիքի զաւակ է:
Թուրքիայում ոսկերչական բնագաւառում մի շարք նորամուծութիւնների հեղինակն է եւ ոլորտի անվիճելի առաջատարներից մէկը:
Իր հաւաքածուներով բազմաթիւ արտասահմանեան ցուցահանդէսերի մասնակցած Վիկտոր Օջալը Թուրքիայում առաջինն է մշակել «ընտանեկան խորհրդանիշեր» տեխնոլոգիան, որը մեծ արձագանգներ է գտել սպառողների շրջանում:
Ծնունդով Սասունի Կուսգետ գիւղից Մուրադ Շարքլըն պատմում է, որ ոսկերչութեամբ սկսել է զբաղուել 1980թ.ից, իսկ իրենց ընտանեկան «Շարքլը» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում իր ուրոյն ու անփոխարինելի տեղն է զբաղեցրել Ստամբուլի ոսկերչական ֆիրմաների շրջանում, հիմնադրուել է 1990թ.ին:
Մուրադը պատմում է, որ վերջին տարիներին ոսկերչական արհեստի աւանդոյթները զգալի անկում են ապրել Կ. Պոլսի հայութեան շրջանում եւ այժմ արդէն այս արհեստով աւելի շատ թուրքերն են զբաղւում: Ըստ նրա՝ երկու սերունդ անց հայ ոսկերիչ գտնելը Ստամբուլում այլեւս այդքան էլ հեշտ չի լինի:
ԲԱԶՄԱԴԱՐԵԱՅ ԱՒԱՆԴՈՅԹԸ՝ ՎԵՐԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ
Ներկայումս Կ. Պոլսի «Փակ շուկայ»ում (Քափալը չարշը ), որտեղ կենտրոնացած են քաղաքի ոսկերիչների եւ արծաթագործների մեծ մասը, աշխատում է մօտ երկու հազար հայ ոսկերիչ, իսկ հայերին պատկանող ոսկերչական ապրանքանիշերի թիւը անցնում է հազարը: Հայ ոսկերիչ վարպետներն աշխատում են թէ՛ հայկական եւ թէ թուրքական ոսկերչական կազմակերպութիւններում: Ի հարկէ բացի նրանցից կան նաեւ բազմաթիւ կրօնափոխ հայեր, որոնք աշխատում են թէ՛ սեփական ֆիրմաներում եւ թէ այլ ապրանքանիշերի համար: Սակայն այս վարպետների թիւը յայտնի չէ:
Քիչ չեն նաեւ հայերի կողմից հիմնադրուած ֆիրմաների ներսում աշխատող մահմեդական թուրք, քուրդ եւ արաբ վարպետները, որոնք վերջին շրջանում արդէն մեծամասնութիւն են կազմում, իսկ նրանց այս արհեստը սովորեցնող հայերը՝ փոքրամասնութիւն:
Այո, ներկայումս Ստամբուլի «Փակ շուկայ»ում աշխատող ոսկերիչների միայն մօտ քսան տոկոսն է հայ: Ինչո՞վ է պայմանաւորուած հայ վարպետների դիրքերի այսպիսի թուլացումը մի ոլորտում, որի մէջ դարեր շարունակ հանդիսացել են բացարձակ առաջատար:
Սա կարելի է կապել միանգամից մի քանի հանգամանքի հետ. նախ եւ առաջ նախկինում հայ վարպետները այս արհեստը սկզբունքայնօրէն չեն փոխանցել օտարներին եւ միայն հայ աշակերտներ են ընդունել իրենց «դուքանները»: Մինչդեռ վերջին մի քանի տասնամեակներում այս աւանդոյթը այլեւս չշարունակուեց: Աւանդոյթը խախտուելուն պէս, թուրքերից ընդամէնը երկու երեք տասնամեակ պահաջուեց, որպէսզի քանակապէս գերազանցեն հայերին այս ոլորտում: Սակայն կայ մէկ նրբութիւն. քանակապէս գերազանցելով արդեօք յաջողուե՞ց հայ վարպետներին գերազանցել նաեւ որակապէս:
Կարող ենք փաստել, որ անկախ ամէնից, հայկական ապրանքանիշերը չեն կորցնում իրենց մշտական յաճախորդներին եւ հաւատարիմ մնալով իրենց ոճային առանձնայատկութիւններին՝ յամառօրէն պահում են իրենց ուրոյն տեղը ոլորտում:
Հայ ոսկերիչների քանակի նուազումը կարելի է կապել նաեւ այն հանգամանքի հետ, որ իրականում վերջին տարիներին առհասարակ նօսրացել է Կ. Պոլսի հայ համայնքը: Ստամբուլից դէպի Եւրոպա եւ ԱՄՆ հայերի արտագաղթը աւելի ու աւելի մեծ թափ է հաւաքում վերջին տարիներին: Այսինքն՝ նուազել է ոչ միայն «Փակ շուկայ»ում հայ ոսկերիչների, այլեւ հայկական վարժարաններում հայ աշակերտների քանակը եւ այլն:
Եւ վերջինը՝ Թուրքիայում հայ երիտասարդները վերջին շրջանում աւելի յաճախ նախընտրում են գնալ ոչ թէ «Փակ շուկայ» աշխատելու, այլ՝ համալսարան կրթութիւն ստանալու: Եւ քանի որ երիտասարդ սերունդն այսօր սկսեց նախապատուութիւն տալ բարձրագոյն կրթութեանն ու գիտութեանը (ինչն իրենց թոյլ տալ չէին կարող նրանց՝ Արեւմտեան Հայաստանի գաւառներից Կ. Պոլիս եկած ծնողներն ու տատիկ-պապիկները), ներկայ փուլում արհեստները կամաց-կամաց դուրս են մղւում:
«ԱՐԵՒԵԼՔ»